Արտադրական բաժանմունք

Բաժնի վարիչ՝  Գինովյան Միքայել Մարտիկի

բժիշկ լաբորանտ՝ Պետրոսյան Ռուզաննա Անդրանիկի

Բաժինը գործում է 1971 թ-ից: Սկզբնական ժամանակաշրջանում ներդրվել էր ֆիբրինոգենի և իզոգեն շիճուկի արտադրությունը, որոնք լայնորեն կիրառվում էին Հանրապետության բուժհաստատություններում: 1957-1991 թվականներին աճող քանակներով պատրաստվում էր չոր պլազմա, որը հիմնականում պահեստավորվում էր արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար: Բացի դրանից, բաժանմունքում պատրաստվում էին նատիվ պլազմա, էրիթրոցիտար, լեյկոցիտար և թրոմբոցիտար զանգվածներ:

Հետագայում ներդրվում է հակաստաֆիլակոկային պլազմայի և փոքր քանակությամբ ֆիբրինային թերթիկների արտադրությունը: 1980թ-ին ձեռնարկվեց պլացենտար շիճուկից ալբումինի 10%-անոց լուծույթի արտադրությունը, այնուհետև մարդու արյան պլազմայից՝ ցածր ջերմաստիճաններում, սպիրտային ֆրակցիավորման եղանակով: Պրեպարատը հաջողությամբ օգտագործվում էր Հանրապետության բուժհաստատություններում:

Նշենք նաև, որ այս արտադրությանը զուգահեռ ստացվում էր նաև կոնցենտրացված պլազմա: Սակայն 90-ական թվականներին սարքավորումների մաշվածության և հումքի անբավարար քանակի պատճառով ալբումինի արտադրությունը, դադարեցվում է: Պետք է նշել, որ նախկինում բաժանմունքը ամբողջությամբ բավարարում էր Հայաստանի բուժհաստատությունների կրիոպրեցիպիտատի պահանջը: 1991թ-ից կրիոպրեցիպիտատի ստացման գործընթացում Մ. Ալեքսանդրյանի կողմից մշակվել էր, ջրաղային լուծույթի կիրառումը՝ որպես դեղամիջոց (մարդու արյան դեպրոտեինացված պլազմայի էքստրակտ): Այն փաստացի ստացվում էր թափոնի ենթարկվող նյութերից, չուներ անտիգենային հատկություններ և խմբային պատկանելիություն, պարունակում էր մեծ քանակությամբ բնական միկրոէլեմենտներ, կիրառվում էր նյութափոխանակային գործընթացների բարելավման և հյուսվածքների վերականգնման արագացման համար:

Սկսած 1975թ-ից առ այսօր բաժանմունքը զբաղված է հակառեզուս Rho (D) իմմունոգլոբուլինի արտադրությամբ: Ռիվանոլային անջատման ճանապարհով ստացված պատրաստուկը, կիրառվում է պտղի և նորածինների հեմոլիտիկ հիվանդության պրոֆիլակտիկայի նպատակով: Պատրաստուկը լայնորեն կիրառվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ծննդատներում: Տարածաշրջանում նմանատիպ պատրաստուկ չի արտադրվում:

Ապագայում մենք պլանավորում ենք հակաստաֆիլակոկային իմունոգլոբուլինի, նորմալ իմունոգլոբուլինի, ստերիլիզացված շիճուկի և ֆիբրինային թերթիկների արտադրություն, ինչպես նաև ֆիբրինոգենի, իզոգեն շիճուկի, կրիոպրեցիպիտատի, կոնցենտրացված պլազմայի և ջրաղային լուծույթի արտադրությունների վերականգնումը: