ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի ղեկավար՝ Գևորգ Նաիրիի  Թամամյան 

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը ստեղծվել է 2019թ-ի փետրվարին՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայությունների միացման արդյունքում:

Կենտրոնում գործում է երկու բաժանմունք՝ մանկական արյունաբանական բաժանմունք և մանկական ուռուցքաբանության բաժանմունք: Բաժանմունքները բաղկացած են շուրջօրյա ստացիոնար, ցերեկային ստացիոնար և մանկական դիսպանսեր ծառայություններից: Գործում է նաև մանկական հոգեբանական-սոցիալական ծառայություն: Կենտրոնը բազա է հանդիսանում ԵՊԲՀ ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնների համար:

Կենտրոնում բուժումը իրականացվում է միջազգային ստանդարտներով՝ եվրոպական և ամերիկյան բուժական սխեմաներով: Կենտրոնը համագործակցում է աշխարհի լավագույն կենտրոնների հետ, ինչպիսիք են՝

  • Սուրբ Աննայի մանկական հիվանդանոցը, Վիեննա, Ավստրիա
  • Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց, Մեմֆիս, ԱՄՆ  
  • Դ.Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոն, Մոսկվա, ՌԴ
  • Համբուրգ-Էպպենդորֆ համալսարանական բժշկական կենտրոն, Գերմանիա
  • Լիբանանի մանկական քաղցկեղի կենտրոն, Բեյրութ, Լիբանան
  • Չինաստանի բժշկական համալսարանի հիվանդանոց, Թայչունգ, Թայվան
  • Թեքսասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոն, Հյուստոն, ԱՄՆ
  • Շարիտե համալսարանական հիվանդանոց, Բեռլին, Գերմանիա
  • Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոց, Դյուսելդորֆ, Գերմանիա

2019թ ապրիլին Կենտրոնը՝ առաջինն աշխարհում, միացել է աշխարհահռչակ St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի գլոբալ ալյանսին, որին մոտ ժամանակներս միանալու են 50-ից ավել երկրների մանկական քաղցկեղի կենտրոններ:

Կենտրոնի բուժանձնակազմը պարբերաբար վերապատրաստումներ է անցնում վերոհիշյալ և այլ հայտնի կլինիկաներում: Այս համագործակցությունների արդյունքում այսօր մեր մասնագետները, անհրաժեշտության դեպքում, կարողանում են համատեղ մասնագիտական քննարկումներ կազմակերպել նշյալ կենտրոնների հետ:

Մեր մասնագետները հանդիսանում են տարբեր միջազգային մասնագիտական միությունների և ասոցիացիաների ակտիվ անդամ: Կենտրոնում նաև կատարվում են գիտական աշխատանքներ, որոնք տպագրվում են ինչպես տեղական, այպես էլ միջազգային հայտնի գիտական ամսագրերում:

Վերջին տասնամյակներին մեր մասնագետների կատարած աշխատանքի արդյունքում այսօր ունենք մոտ 1000-ից ավել մանկական քաղցկեղից առողջացած երեխաներ, որոնք վերադարձել են իրենց ակտիվ կենսակերպին, սովորում են, աշխատում և ունեն առողջ սերունդ:

 

Մանկական արյունաբանական բաժանմունք

Բաժանմունքի ղեկավար՝ Լալա Հակոբի Վաղարշակյան

Բժիշկներ՝

  • Անահիտ Հայկի Զաքարյան
  • Լուսինե Մարատի Քրմոյան
  • Ինգա Վաչագանի Խալաթյան
  • Նաիրա Միքայելի Մարտիրոսյան

Բաժանմունքը համալրված է 16 մահճակալով: Այստեղ բուժում են ստանում 0-18 տարեկան, արյան չարորակ և արյունաբանական այլ ախտաբանություններ ունեցող երեխաներ:

Բաժանմունքում տարեկան բուժվում են լեյկեմիաներով և լիմֆոմաներով միջինը 30-40 առաջնակի ախտորոշված հիվանդ: Սուր լեյկեմիայի լիմֆոբլաստային տարբերակին բաժին է ընկնում 80%-ը, 18-20%-ը՝ միելոբլաստային տարբերակին, 0-2%-ը` քրոնիկ միելոլեյկոզին:

1987թ.-ից սկսած հիվանդների բուժումն իրականացվել է ըստ AUR ծրագրի: 1992-1993թթ. մանկական սուր լեյկեմիաների բուժման պրակտիկայում ներդրվել է BFM (Բեռլին-Ֆրանկֆուրտ-Մյունստեր) գերմանական ծրագիրը: 2013թ.-ից սուր լեյկոզի բուժման համար կիրառվել է նաև MB (Մոսկվա/Բեռլին) ծրագիրը: Այս ծրագրերը, կախված սուր լեյկեմիայի տեսակից, թույլ են տալիս 70-90% դեպքերում ստանալ ռեմիսիա, իսկ 5 տարվա առանց ռեցիդիվների ապրելիության ցուցանիշը համապատասխանորեն կազմում է 40-70%:

 

Մանկական ուռուցքաբանության բաժանմունք

Բաժանմունքի ղեկավար՝ Լիլիթ Ռադիկի Սարգսյան

Բժիշկներ՝

Սամվել Սիմոնի Իսկանյան

Լուսինե Սլավիկի Հակոբյան

Ռուզաննա Խաչատուրի Պապյան

Բաժինը համալրված է 18 մահճակալով: Այստեղ բուժում են ստանում 0-18 տարեկան սոլիդ ուռուցքներ և լիմֆոմաներ ունեցող երեխաներ: Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում առաջնակի ախտորոշված հիվանդների թիվը տարեկան կազմում է 40-50:

Մինչև 2019թ-ը բաժանմունքը գործել է ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի կազմում: Հիմնադրման օրվանից (2008թ.) բաժանմունքում ներդրվել և կիրառվել են մանկական քաղցկեղի բուժման նորագույն միջազգային սխեմաներ, որոնցից շատերը արվել են Հայաստանում առաջին անգամ: Այդ ամենի արդյունքում, միջինում, հնարավոր է եղել փրկել կլինիկայում բուժվող մանկական քաղցկեղով երեխաների 65-70%-ին:

ԳԵՎՈՐԳ ՆԱԻՐԻԻ ԹԱՄԱՄՅԱՆ

Աշխատանքային գործունեություն 

2019թ.-ից՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

2019թ.-ից՝ ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ

2018-2019թթ. ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով

2017թ.-ից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական

2015թ.-ից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, 2017թ-ից՝ դոցենտ

2015թ-ից՝ Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս