Արյան Դոնորներին

Ով կարող է դոնոր հանդիսանալ
Ցանկացած առողջ մարդ կարող է դառնալ արյան և նրա բաղադրամասերի դոնոր, եթե նա 18 տարեկան և բարձր է, չունի դոնորության համար հակացուցումներ և կշռում է ավելի քան 50 կգ:
Արյունատվության հակացուցումները կարող են լինել բացարձակ, երբ մարդը ոչ մի դեպքում չի կարող հանձնել արյուն և հարաբերական, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դոնոր դառնալ:
 
 Բացարձակ հակացուցումներն են
Վարակիչ հիվանդություններ` ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ, վիրուսային  հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելյոզը և այլն:
Սիրտ-անոթային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք   հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդություններ և այլն:
Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար  հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձինք` արվամոլները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձինք,  վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:
 
Ժամանակավոր հակացուցումներ` արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, ատամի հեռացում, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական այլ միջամտություններ, վիրահատություններ, այդ թվում նաև հղիության արհեստական   ընդհատումներ,  հղիության և լակտացիայի շրջան, դաշտանի շրջան, ալերգիկ  վիճակներ, պատվաստումներ, մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք, ոգելից խմիչքների ընդունում, դեղամիջոցների օգտագործում`:
 
Ինչպես նախապատրաստվել արյունատվությանը
Արյունատվության օրը չի կարելի ուտել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, նախընտրելի է խմել քաղցր թեյ: Արյունատվությունից 2 օր առաջ չի կարելի օգտագործել ոգելից խմիչքներ, իսկ 5 օր առաջ չի կարելի օգտագործել ասպիրին և ցավազրկող դեղամիջոցներ: Դոնորը լրացնում է հարցաթերթիկ, որում նշում է իր առողջական վիճակի  և ապրելակերպի մասին, որից հետո  անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից:
Արյունատվությունը իրականացնելու համար առկա են հատուկ հարմարավետ բազկաթոռներ: Արյունատվության գործընթացը իրականացվում է` օգտագործելով  միանգամյա օգտագործման ստերիլ պարագաներ:
 
Արյունատվությունից հետո`
Արյունատվությունից անմիջապես հետո 10-15 րոպե մնացեք հանգիստ պառկած վիճակում, վիրակապը պահեք 1.5-2 ժամ, այդ օրը աշխատեք չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով, մի օգտագործեք ոգելից խմիչքներ: Անհրաժեշտ է լավ սնվել և խմել շատ հեղուկ: Պատվաստումները թույլատրվում են արյունատվությունից առնվազն 10 օր անց: Մի նախատեսեք արյունատվություն կատարել քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ: