Պատմություն


Հայաստանում արյունաբանության և արյան ծառայության զարգացման ակունքները սկիզբ են առնում անցյալ դարի 30-ական թվականներից, երբ Մոսկվայից մեր հայրենակից պրոֆեսոր Ա.Ա.Բաղդասարովի առաջարկով և անմիջական ղեկավարությամբ մասնագետների հատուկ խումբ է ժամանում Երևան` դոնորության քարոզչության և արյան ծառայության կազմակերպման նպատակով:
1933 թվականին Երևանում Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի ստեղծմամբ հիմք է դրվում Հայաստանի  արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի պատմությանը:
1939 թվականից Մոսկվայի արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղը սկսում է գործել որպես Հայաստանի արյան փոխներարկման հանրապետական կայան: Միաժամանակ բացվում են արյան փոխներարկման բաժանմունքներ Լենինականում (Գյումրի)՝ Ս.Թովմասյանի ղեկավարությամբ և Կիրովականում (Վանաձոր)՝ Ե.Ասլանյանի ղեկավարությամբ:
Երևանում 1947թ. մարտի 17-ին Նախարարների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որը 1993թ. վերանվանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի (ԱԿ):

ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
1947-1955թթ. Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի առաջին տնօրենն անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանն էր, որի անունն է կրում ինստիտուտը, ներկայումս` Արյունաբանական կենտրոնը:
1956-1972թթ. Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի վաղաժամ մահվանից հետո ինստիտուտի տնօրեն է նշանակվում Քամեր Անտոնի Անտոնյանը։
1973-1988թթ. Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը ղեկավարել է հանրապետության առողջապահության ոլորտի ականավոր գործիչ Արմիկ Մելիքսեթի Եղիկյանը:
1988-1990թթ. Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն է նշանակվել Միհրան Կոնստանտինի Նազարեթյանը:
1990-1992թթ. Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն է նշանակվել Արմեն Իսահակի Իսահակյանը:
1992-2001թթ. Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտը ղեկավարել է Արմեն Ռոմանի Երեմյանցը:
2001-2018թթ. Արյունաբանական կենտրոնը ղեկավարել է Սմբատ Սարգսի Դաղբաշյանը:
2018թ. հունիսից կենտրոնի տնօրեն է նշանակվել Սամվել Հովհաննեսի Դանիելյանը: