Միջոցառում՝ նվիրված Գորիսի արյան փոխներարկման կայանի 50-ամյակին

Նոյեմբերի 26-27-ը արյան փոխներարկման և արյունաբանության ոլորտի հայաստանյան և տարածաշրջանային մասնագետները Գորիսում էին: Նրանց հանդիպման առիթն էր Գորիսի արյան փոխներարկման կայանի 50-ամյակը, որի առթիվ Արյունաբանական կենտրոնը կազմակերպել էր «Փոխներարկումային բուժօգնության արդի խնդիրները» խորագրով գիտաժողովը:  Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել և ելույթներով հանդես եկան ոլորտի մի խումբ առաջատար մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից:   

«Մայրաքաղաքից մեր հայրենակից մեծանուն բժիշկ Ռ.Հ. Յոլյանի ծննդավայր ենք բերել մեր հարգանքների հավասատիքը և խոնարհումը այն մեծ գործին, որ արվել է հանուն Հայաստանի և հայ ժողովրդի՝ ստեղծելով արյան հիվանդությունների և փոխներարկումային արյունաբանության սաղմերը Հայաստան աշխարհում: Դժվար է գերագնահատել այն դերն ու նշանակությունը, որ այսօր Գորիսի ԲԿ-ում գործում է արյան փոխներարկման կայանը և Երևանում՝ Արյունաբանական կենտրոնը, որն արդարությամբ և պատվով կրում է մեծն Ռ.Հ. Յոլյանի անունը:», իր ողջույնի խոսքում նշեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և հավելեց, «Իմ խորին հարգանքն եմ արտահայտում Զանգեզուրի մեր բժիշկներին, որպես առաջին գծի մեր կոլեգաներ, որոնց անքուն գիշերների ու լարված աշխատանքի արդյունքներով են լինում առողջապահության ձեռքբերումներն ու նվաճումները»:

Միջոցառման վերջում Արյունաբանական կենտրոնի տնօրենը հանդիսավորությամբ պարգևատրեց Գորիսի արյան փոխներարկման կայանի տնօրեն Արթուր Առաքելյանին Ռուբեն Յոլյանի շքանշանով և շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար: