Ռոբին-Երեխաների նոր ընկերը

Այսօրվանից Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում երկրարատև բուժում ստացող երեխաները նոր ընկեր կունենան՝ Ռոբին ռոբոտը:

«Expper Technologies» թիմի կողմից նախագծված ու պատրաստված ռոբոտի ֆինանսական ծախսերը հոգացել է INICIAR գլոբալ գործողությունների հիմնադրամն ու Նազարյան ընտանիքը՝ որպես հայաստանյան գործընկեր ներգրավելով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ):

Ռոբոտին իր նոր տանը ողջունեցին ոչ միայն երեխաներն ու տեղի բժիշկները, այլև ԱՄՆ-ից ուղիղ կապով միացած բարերարը:

«Ռոբինը հույսի, ժպիտների և ընկերակցելու ռոբոտ է, նրանց ընտանիքների ու Արյունաբանական կենտրոնի անձնակազմի համար: Մենք աշխատում ենք սոցիալական զարգացման ուղղությամբ և հավատում ենք, որ ամեն երեխա արժանապատիվ կյանք պետք է ունենա: Մեր ազգի համար այս դժվարին օրերին նվազագույնը, որ կարող ենք, մեր կրտսերներին ուրախություն պատրգևելն է»,- ընդգծեց INICIAR-ի հիմնադիր տնօրեն Վերա Նազարյանը:

«Նման նախաձեռնությունները չափազանց կարևոր են, որովհետև երեխաները, երկարատև բուժման ընթացքում, անընդհատ կարիք ունեն դրական միջավայրի, չէ՞ որ դա ևս ազդում է բուժման լավ արդյունքների վրա: Շատ ուրախ ենք ողջունել Ռոբին ռոբոտին մեր շարքերում, և համոզված եմ՝ նա կդառնա մեր թիմի անբաժան մասն ու երեխաների սիրելի ընկերը»,- կարևորեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը: