Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում

2021թ-ի հուլիսին ՀՀ ԱՆ «Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում առաջին անգամ իրականացվեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։

Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը ՀՀ-ում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ՝ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաներին և մեծահասակ հիվանդներին։

Cure2Children բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ համագործակցության մեջ մեծ դեր և ներդրում է ունեցել «Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն»-ի ղեկավար բժիշկ-ուռուցքաբան և արյունաբան Գևորգ Թամամյանը։ 6 ամիս նախապատրաստական մեծածավալ աշխատանքներից հետո այն դարձավ իրականություն։

Միջազգային փոխհամագործակցությամբ Cure2Children բարեգործական հիմնադրամի, իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլքների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի /ArmBMT/, ի դեմս ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի ղեկավար Լուսինե Քրմոյանի, մանկաբույժ Մանե Գիժլարյանի և ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի ջանքերով, հուլիսի 7-ին իրականացվեց առաջին ալոգեն փոխպատվաստումը Նիգերիայից 5տ․ երեխայի Մանգաղաձև բջջային սակավարյունությամբ, ում դոնորը հանդիսանում էր իր զույգ քույրը և Կամերունից 1․8տ երեխայի նույնպես Մանգաղաձև բջջային սակավարյունությամբ, ում դոնորը հանդիսանում էր 12տ․ եղբայրը։ Այս պացիենտները ցածր ռիսկի հիվանդներ են, դոնորները 12/12 լրիվ համատեղելիությամբ, ինչը թույլ տվեց ալոգեն փոխպատվաստման ծրագրի հաջող մեկնարկին և ներդրմանը, որպես արդյունավետ բուժական միջոցառում։

Cure2Children, City of Smile բարեգործական հիմնադրամների և «Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական Կենտրոն»-ի մեծ օժանդակությամբ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը դարձավ իրականություն և որպես արդի արդյունավետ բուժական միջամտություն կարող է ներդրվել ՀՀ-ում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար։