Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում իրականացվեց արյունաստեղծ ցողունային բջիջների հերթական փոխպատվաստումը

Հայաստանում արյան չարորակ հիվանդությունների բուժման գործընթացում բացառիկ է Արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի դերը։
Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստումն՝ արյան համակարգի հիվանդությունների, բնածին և ձեռքբերովի իմունային անբավարարությունների, ինչպես նաև երեխաների և մեծահասակների չարորակ նորագոյացությունների որոշ ձևերի բուժման արդյունավետ մեթոդ է։

Առաջին անգամ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի մեկնարկը տրվեց Արյունաբանական կենտրոնում 2017թ-ի ապրիլից, որն, ըստ էության, բեկումնային էր Հայաստանի բժշկագիտության ոլորտում։ Այժմ տարածաշրջանային նշանակություն ունեցող այս բաժանմունքում հաջողությամբ իրականացվում է արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում մեծահասակների արյան չարորակ հիվանդությունների՝ մասնավորապես բազմակի միելոմա, հոջկինի, ոչ հոջկինյան լիմֆոմաների և մանկական սոլիդ ուռուցքների՝ մասնավորապես նեյրոբլաստոմա, Հոջկինի լիմֆոմա, Յուինգի սարկոմա և մեդուլոբլաստոմաների համար:

Իրականացված փոխպատվաստումը, ծրագրի մեկնարկից սկսած, թվով 71-րդն է։ Պացիենտը 41 տարեկան կին է՝ գորշ գոտու լիմֆոմա (Gray Zone lymphoma) ախտորոշմամբ: Նշենք, որ տարվա սկզբից առ այսօր իրականացված փոխպատվաստումների թիվն աննախադեպ է․ 14 փոխպատվաստում, որոնցից 3-ը՝ երեխաների։

Հավելենք նաև, որ Արյունաբանական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը հանդիսանում է Եվրոպայի ոսկրածուծի փոխպատվաստման ասոցիացիայի (EBMT CIC-00891) լիիրավ անդամ։