Արյան դոնորի միջազգային օր

Հունիսի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ:

Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2020թ. կատարվել է 25000: Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ աշխարհում մշտապես կա արյան կարիք, իսկ ստեղծված պանդեմիկ իրավիճակում և դոնորների կտրուկ նվազման պարագայում՝ առավել ևս:

Արյունաբանական կենտրոնը՝ հանդիսանալով հանրապետությունում արյան պաշարների հավաքագրման և պահեստավորման լիազոր մարմին պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։ Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է. «Հանձնեք արյուն, որ շարունակեն բաբախել սրտերը»։