Հանդիպում EasyPay ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 29-ին Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ EasyPay ընկերության և «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի հանդիպումը։ Կենտրոնի տնօրեն՝ Սամվել Դանիելյանը, ողջունեց հյուրերին և նշեց, որ կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքներում բուժում ստացող մինչև 25 տարեկան հիվանդները ապահովված են ժամանակակից բուժման բոլոր հնարավոր միջոցներով, ինչը չենք կարող ասել 25 տարեկանից բարձր հիվանդների համար։ Նա նշեց, որ ունենք 1200-ից ավել երեխաներ, ովքեր ամբողջությամբ առողջացել են և հույս հայտնեց, որ այս ծրագրի արդյունքում մենք կունենանք նույնքան և ավելի մեծահասակ հիվանդների առողջացում։ Պարոն Դանիելյանը իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմի, հիվանդների և նրանց հարազատների անունից EasyPay ընկերությանը, և ազգաբնակչությանը, ովքեր մասնակցել են հանգանակությանը։ Իրենց շնորհակալական խոսքն ասեցին նաև կենտրոնի բժիշկները և ընդգծեցին բարեգործական ծրագրի թիրախ հանդիսացող տարիքային խմբի կարևորությունը։
EasyPay ընկերության Բիզնեսի ռազմավարական գծով փոխտնօրեն` Սուրեն Ոսկանյանը նշեց, որ այս հանդիպման հիմնական նպատակը մեր ազգաբնակչությանը տեղեկացնելն է, որ կա նման ծրագիր և որ այս նախագիծը ծառայում է իր նպատակին, ինչպես նաև ներկայացնել հաշվետվություն երկու ամսվա ըմթացքում կատարված հանգանակությունների վերաբերյալ, որը կազմում է ավելի քան 2 մլն 420 հազար դրամ։ EasyPay ընկերության տնօրեն` Մհեր Առաքելյանը, իր հերթին նշեց, որ ակցիային մասնակցել է ամսական 60000-ից ավել հաճախորդ և հույս հայտնեց, որ առաջիկայում այս թիվը կկրկնապատկվի և կեռապատկվի։