Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

Սկսած 2002 թվականի փետրվարի 15-ից ամեն տարի ամբողջ աշխարհն այս օրը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է 80-100 մինչև 18 տարեկան երեխա։ Դրանց մոտ 40 %-ը կազմում են լեյկեմիաները, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80 % կատարյալ առողջացում մանուկների մոտ։ Մանկական սոլիդ ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտ 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները ԿՆՀ-ի ուռուցքները, սարկոմաները և երիկամի ուռուցքներն են։

Ներկայումս Հայաստանում հնարավոր է դարձել իրականացնել այս երեխաների լիարժեք բուժումը  ստանդարտացված ամերիկյան և եվրոպական պրոտոկոլներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։ 2018 թվականից նաև ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան հասանելի դարձավ հայ երեխաներին։

2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում միավորվերցին մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները, որպեսզի է՛լ ավելի համախմբված տարվի պայքարը մանկական քաղցկեղի դեմ Հայաստանում և հայ մանուկներն այլևս ստիպված չլինեն մեկնել արտերկիր բուժում ստանալու համար։

Երեխաների բուժման մեջ անգնահատելի է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի դերը, որը լիարժեք կերպով փակում է երեխաների բուժման հետ կապված ծախսերը։ Շուտով «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ ԱԿ-ում կստեղծվի մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը, նույն հիմնադրամի աջակցությամբ կենտրոնին կից կստեղծվի պացիենտների կացարան։ «Մենք ենք» հիմնադրամի աջակցությամբ կվերանորոգվի ԱԿ-ում հեռաբժշկության լսարան, իսկ «Առողջության կամուրջ» հիմնադրամի աջակցությամբ կստեղծվի մանկական քաղցկեղի ռեգիստր։ ԱՆ-ի կողմից կիրականացվի քիմիաթերապևտիկ դեղորայքի ձեռքբերումը կենտրոնացված կարգով։

Եվ սա դեռ ամենը չէ․․․