Մեդալներ և պատվոգրեր՝ քիմիաթերապիայի կուրսն ավարտած երեխաներին

Ամեն տարի բազմաթիվ երեխաներ հաղթահարում են քաղցկեղը՝ կենտրոնի բժիշկների անձնվեր աշխատանքի, City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի մեծ աջակցության, Bridge of Health Armenia / Առողջության կամուրջ Արմենիա հիմնադրամի և այլ բարերարների օգնության շնորհիվ։
Առողջության կամուրջ հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարի ավանդույթ դարձած մեդալների հանձնման արարողությունը։ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը մեդալներ և պատվոգրեր հանձնեց այն երեխաներին, ովքեր ավարտել են քիմիաթերապիայի կուրսը։

«Մեր ժողովրդի ամենալուսավոր տոներն են եղել միշտ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ Թող գալիք տարին մեզ բերի խաղաղ երկինք, առողջություն բոլոր երեխաներին ու մեծերին, մեր մերձավորներին։ Ուրախ եմ, որ մեր հարկի տակ այսօր դիմավորում եմ Ձեզ այսպիսի հաճելի առիթով, որը հաղթանակ է բերում Ձեր երեխաներին կամ Ձեր երեխաները հաղթանակ են բերում մեզ»,- ողջունեց ներկաներին Սամվել Դանիելյանը։

Միջոցառման ընթացքում երեխաներին այցելեցին նաև ամենասպասված հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր իսկական տոնի վերածեցին այդ կարևոր ու լուսավոր օրը։