Մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան Հայաստանում

Սեպտեմբերի 28-ին Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կայացավ Հայաստանում առաջին Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի բացման արարողությունը։

Կլինիկայի կառուցումը նախաձեռնել և ֆինանսավորել է City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։
Կլինիկան ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով։ Բաժանմունքը նախատեսված է 5 մահճակալի համար:
Մանկական պալիատիվ կլինիկայի ստեղծումը կարևորագույն ձեռքբերում է Հայաստանի համար, որի հիմնական նպատակն է չարորակ հիվանդություններ ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին համապատասխան մասնագետների կողմից հոգեբանական և սոցիալական աջակցության ապահովումը։

Բացման արարողությունից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Տավուշի թեմի առաջնորդ, «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը շրջեցին պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքում և ծանոթացան երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին: