Թրոմբոզը գլոբալ խնդիր է

Այսօր թրոմբոզի համաշխարհային օրն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում թրոմբոզը և ինչպե՞ս կանխարգելել այն. ներկայացնում է Արյունաբանական կենտրոնի հեմոֆիլիայի և թրոմբոֆիլիայի բաժանմունքի պատասխանատու Հեղինե Խաչատրյանը.

Թրոմբոզը գլոբալ խնդիր է
Աշխարհում, յուրաքանչյուր չորրորդը մահանում է թրոմբոտիկ պատճառներից: Առանց այս հիվանդության դեմ պայքարի, մենք չեն կարողանա ապահովել Առողջության Համաշխարհային Ասամբլեայի գլոբալ նպատակը, այն է՝ մինչ 2025 թվականը 25%-ով նվազեցնել վաղաժամ մահացությունը ոչ վարակիչ հիվանդություններից: 
Թրոմբոզը արյան մակարդման համակարգում բազմաթիվ սպիտակուցների ակտիվացմամբ պայմանավորված գործընթաց է, ինչը հայտնի է որպես թրոմբուս՝ մակարդուկ: Այն ձևավորվում է արյունատար համակարգում՝ անոթների մեջ: Այս կուտակված մակարդուկը կարող է արգելափակել կամ խոչըդոտել արյան հոսքը ախտահարված հատվածում՝ առաջացնեով լուրջ բարդություններ, հատկապես կենսական կարևոր օրգանների անոթավորման հատվածում՝ գլխուղեղ, թոքեր և սիրտ:
Նորմայում օրգանիզմում առաջանում են այնպիսի թրոմբոգեն գործոններ, ինչպիսիք են մակարդման սպիտակուցները: Այդ գործոնները նպաստում են արյան կանգին այն դեպքում, երբ կա վնասվածք կամ արյունահոսություն, այսինքն դրանք կանխում են արյան ավելորդ կորուստը: Մակարդման և հակամակարդիչ սպիտակուցները օրգանիզմում ներդաշնակ են միմյանց հետ և փոխկապակցված է այս համագործակցությունը: 
Եթե թրոմբոգեն սպիտակուցների ազդեցությունը գերազանցում է նորմայից, ապա գոյանում են ավելորդ մակարդուկներ, որոնք խոչըդոտում են հետագա արյան հոսքը անոթներում և ձևավորում էմբոլներ: Ներկայումս, մանկաբարձական պրակտիկայում երակային թրոմբոէմբոլիկ բարդությունները հաճախ հանդիպող երևույթ են: Հետևաբար բարդություններից խոսափելու համար խիստ կարևոր է վաղ ախտորոշումը, ինչպես նաև թրոմբոպրոֆիլակտիկայի անցկացումը և համապատասխան դեղամիջոցների կիրառման առանձնահատկությունները հաշվի առնելը հղիության, ծննդալուծման և հետծննդյան շրջանում:

Թրոմբոֆիլիան դա արյան բարձր մակարդելիության պաթոլոգիական վիճակ է, որը բարձրացնում է թրոմբոզի առաջացման վտանգը: Մի շարք հետազոտությունների արդյունքների հիման վրա թրոմբոֆիլիաները հանդիսանում են մանկաբարձական բարդությունների 75% և անպտղության 30%-ի պատճառ:
Թրոմբոֆիլիաներն ըստ տարածվածության և հանդիպման հաճախականության դասակարգվում են երկու խմբի՝ 
• Ժառանգական թրոմբոֆիլիաներ

• Ձեռքբերովի թրոմբոֆիլիաներ 
Ժառանգական թրոմբոֆիլիան բնորոշվում է մի քանի գեների հոմոզիգոտ կամ հետերոզիգոտ մուտացիաներով և միշտ չէ, որ դրսևորվում է: Որպես կանոն, նման դեպքերում թրոմբոֆիլիայի պոլիմորֆիզմի դրսևորման համար անհրաժեշտ են հրահրող գործոններ՝ հղիություն, հետծննդաբերական շրջան, իմոբիլիզացիա, վիրահատական միջամտություններ, վնասվածքներ, ուռուցքներ և այլն:

Ինչպե՞ս կանխարգելել 
Հիպոդինամիան, ավելորդ քաշը, դիաբետը, ծխախոտամոլությունը նպաստում են թրոմբագոյացմանը:
Կան թրոմբոզների հանդեպ բարձր նախատրամադրվածություն ունեցող մարդիկ, որոնց մոտ բազմաթիվ գործոնների միաժամանակ ազդեցությունը կարող է նպաստել այդ գենետիկ մուտացիաների ակտիվացմանը և թրոմբոզների ձևավորմանը: Հետևաբար խորհուրդ է տրվում ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց լինել ուշադիր իրենց առողջության հանդեպ, ակտիվ կենսակերպ վարել:
Երակային թրոմբոզների կանխարգելման արդյունավետ մեթոդ է էլաստիկ կոմպրեսիայի կիրառումը ինքնաթիռ նստելուց, երկար ճանապարհորդելուց և հղիության ընթացքում: